Ջոն Մեյնարդ Քեյնս

Ջոն Մեյնարդ Քեյնս, առաջին բարոն Քեյնս (), բրիտանացի տնտեսագետ, ում հայացքներն արմատապես փոխեցին մակրոտնտեսագիտության տեսությունը, պրակտիկան և պետությունների վարած տնտեսական քաղաքականությունները։ Նա ընդարձակել և մեծապես հղկել է բիզնես ցիկլերի պատճառների վերաբերյալ գոյություն ունեցած աշխատանքները, 20-րդ դարի ամենաազդեցիկ տնտեսագետներից մեկն էր և ժամանակակից մակրոտնտեսագիտության հիմնադիրը։ Նրա առաջ քաշած գաղափարները կազմում են Քեյնսյան տնտեսագիտություն կոչվող մտքի դպրոցի և դրա տարբեր ճյուղերի հիմքը։

1930-ականների Մեծ ճգնաժամի ժամանակ, Քեյնսը հեղաշրջեց տնտեսագիտական մտածողությունը՝ մարտահրավեր նետելով նոր դասական տնտեսագիտության հայացքներին, համաձայն որոնց՝ ազատ շուկան ինքնուրույն ապահովում է լրիվ զբաղվածություն կարճաժամկետից միջին ժամկետային հատվածում՝ քանի դեռ աշխատողները ճկուն են աշխատավարձի նկատմամբ իրենց պահանջարկի մեջ։ Նա պնդում էր, որ տնտեսական ակտիվության ընդհանուր մակարդակը կախված է ամբողջական պահանջարկից և որ անբավարար ամբողջական պահանջարկը կարող է հանգեցնել երկարատև բարձր գործազրկության մակարդակի։ Քեյնսն առաջարկում էր օգտագործել հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունները տնտեսական անկման ու ճգնաժամի բացասական հետևանքները մեղմացնելու  համար։ Նա իր գաղափարներն ամենայն մանրամասնորեն ներկայացրել  է իր ամենանշանավոր աշխատության՝ «Զբաղվածության, տոկոսի և փողի  ընդհանուր տեսության», մեջ, որը տպագրվել է 1936 թվականին։

Առաջատար արևմտյան երկրները 1930-ականների կեսերից մինչև ավարտն առաջնորդվում էին տնտեսական քաղաքականության վարման Քեյնսի առաջարկություններով։ 1946-ին նրա մահվանը հաջորդող երկու տասնամյակների ընթացքում գրեթե բոլոր կապիտալիստական երկրները շարունակում էին հետևել դրանց։ Քեյնսի ազդեցությունը սկսեց թուլանալ 1970-ականներին՝ մասամբ ստագֆլյացիայի պատճառով, որն այդ տասնամյակի ընթացքում քայքայում էր Անգլոսակսոնական երկրների տնտեսությունները  և մասամբ Միլթոն Ֆրիդմանի և այլ մոնետարիստների կողմից Քեյնսյան քաղաքականության հանդեպ հնչեցվող քննադատությունների պատճառով։ Նրանք վիճարկում էին հարկաբյուջետային քաղաքականության միջոցով  բիզնես ցիկլերն արդյունավետորեն կարգավորելու կառավարության ունակությունը։ Ինչևիցե, 2007-2008 թվականների համաշխարհային ֆինանսական ճգնաժամը ստիպեց վերանայել Քեյնսի հայացքները։ Քեյնսյան դպրոցի գաղափարների հիման վրա են մշակվել ԱՄՆ նախագահ Բարակ Օբամայի, Միացյալ Թագավորության վարչապետ Գորդոն Բրաունի, և այլ  ղեկավարների ձեռնարկած հակաճգնաժամային քաղաքականություները։

Երբ «Թայմ» ամսագիրը 1999 թվականին Քեյնսին ընդգրկեց դարաշրջանի ամենակարևոր մարդկանց ցանկում, գրեց որ «նրա հեղափոխական գաղափարն այն մասին, որ կառավարություններին անհրաժեշտ է ծախսել գումարները, որոնք իրենք չունեն, հնարավոր է փրկեց  կապիտալիզմը»: «Էկոնոմիստ» հանդեսը ներկայացրել է Քեյնսին որպես «20-րդ դարի Բրիտանիայի ամենահայտնի տնտեսագետ»: Տնտեսագետ լինելուց բացի Քեյնսը նաև քաղաքացիական ծառայող էր, Անգլիայի բանկի տնօրենը և մտավորականների Բլումսբերի խմբի անդամ։ Տրամադրված է Վիքիպեդիայի կողմից
Ցուցադրվում են 1 - 1 արդյունքները 1 այս փնտրման համար 'Քեյնս, Ջոն Մեյնարդ', հարցման ժամանակը: 0.02s Հստակեցնել արդյունքները
  1. 1
    Քեյնս, Ջոն Մեյնարդ
    Հրապարակվել է 2006
    Գիրք