Մարկ Տվեն
Մարկ Տվեն (, իսկական անունը՝ Սեմյուել Լենգհորն Քլեմենս, , ), ամերիկացի գրող, երգիծաբան, լրագրող, հրատարակիչ, դասախոս, հասարակական գործիչ, ամերիկյան գրականության ամենանշանավոր գրողներից մեկը։ Նրա առավել հայտնի ստեղծագործություններից են «Թոմ Սոյերի արկածները» (1876) և «Հեքլբերի Ֆիննի արկածները» (1885). վերջինս հաճախ կոչվում է «Ամերիկյան մեծ վեպ»։ 20-րդ դարի համաշխարհային գրականության մեջ Տվենը ճանաչվել է որպես դասական, միաժամանակ՝ իսկական ազգային գրող, որը հայտնագործել է այն Ամերիկան, որտեղ ողբերգականը կատակերգականի կողքին է, սարսափելին՝ բանաստեղծականի։Մարկ Տվենը մեծացել է Միսսուրի նահանգի Հանիբալ քաղաքում, որը հետագայում պատկերել է «Թոմ Սոյերի արկածները» և «Հեքլբերի Ֆիննի արկածները» վեպերում։ Ծառայել է որպես տպագրիչի աշակերտ, ապա աշխատել է որպես գրաշար՝ գրելով հոդվածներ իր ավագ եղբոր՝ Օրայոն Քլեմենսի թերթի համար։ Հետագայում դարձել է լոցման Միսիսիպի գետով նավարկող նավի վրա, ապա մեկնել է արևմուտք՝ Նևադա՝ Օրայոնի մոտ։ Նա հումորով է պատմել հանքարդյունաբերության բնագավառում իր անհաջող փորձի մասին՝ հանդես գալով որպես լրագրող Վիրջինիա Սիթիի ''Territorial Enterprise'' թերթի համար։ 1865 թվականին հրատարակված «Նշանավոր ցատկռտող գորտը Կալավերասից» () հումորային պատմվածքի համար հիմք է ծառայել պատմությունը, որ նա լսել էր Կալիֆոռնիայի Էնջելս Քեմփում ()՝ Angels հյուրանոցում, որտեղ նա որոշ ժամանակ աշխատել է որպես հանքափոր։ Պատմվածքն արժանացել է համաշխարհային ուշադրության և թարգմանվել ֆրանսերեն։ Մարկ Տվենի սրամտությունն ու սատիրան, որոնք իրենց արտացոլումն էին գտնում նրա արձակ ստեղծագործություններում ու խոսքում, արժանացել են քննադատների ու շրջապատի մարդկանց գովասանքին։ Նրա ընկերների շարքում էին նախագահներ, արտիստներ, արդյունաբերողներ և եվրոպական թագավորական ընտանիքների անդամներ։
Մարկ Տվենը մեծ գումարներ էր վաստակում իր երկերի ու դասախոսությունների շնորհիվ, սակայն նա ներդրումներ էր կատարում այնպիսի ձեռնարկություններում, որոնք անհաջողություն էին կրում՝ կորցնելով մեծ գումարներ. մասնավորապես հայտնի է Paige Compositor մեխանիկական տողաշար մեքենայի անհաջողությունը, որի պատճառը նրա բարդությունն ու անճշտությունն էր։ Այդ անհաջողությունների պատճառով Մարկ Տվենը ստիպված է եղել հայտարարվել սնանկ, սակայն ֆինանսական խնդիրները հաղթահարել կարողացել է միայն Հենրի Հաթլիստոն Ռոջերսի օգնության շնորհիվ։ Նա նախընտրել է վճարել սնանկությունից առաջ ունեցած իր բոլոր պարտքերը, թեև իրավաբանական առումով նման պարտավորություն չի ունեցել։
Մարկ Տվենը ծնվել է Հալլեյի գիսաստղի հայտնվելուց կարճ ժամանակ հետո և կանխատեսել է, որ «կհեռանա նրա հետ միասին»․ նա մահացել է գիսաստղի վերադառնալուց մեկ օր հետո։ Մարկ Տվենին համարել են իր երկրի խոշորագույն երգիծաբան, իսկ Վիլյամ Ֆոլքները նրան կոչել է «ամերիկյան գրականության հայր»։ Տրամադրված է Վիքիպեդիայի կողմից
-
1