Ժան-Ժակ Ռուսո

Ժան-Ժակ Ռուսո (, ), Լուսավորության դարաշրջանի ֆրանսիացի նշանավոր փիլիսոփա, մանկավարժ, կոմպոզիտոր և գրող։

Ժան-Ժակ Ռուսոն ֆրանսիական լուսավորության ամենաազդեցիկ գործիչներից մեկն է։ Ծնվել է աղքատ ժամագործի ընտանիքում։ Շատ վաղ հասակում զրկվել է ծնողներից, իսկ հարազատները չեն մտահոգվել նրա կրթության ու դաստիարակության հարցերով։ Ռուսոն թափառաշրջիկ կյանք է վարել, շրջագայել է Շվեյցարիայի քաղաքներն ու գյուղերը, հարուստ ընտանիքում աշխատել որպես սպասավոր, որոշ ժամանակ սովորել աբբայի մոտ, ապա հոգևոր սեմինարիայում, աշխատել է երաժշտական դպրոցում։ Ամենուր ուժերը փորձելով՝ նա ամենուր կիսատ է թողել սկսած գործը։ Սակայն այս թափառաշրջիկ կյանքը Ժան-Ժակ Ռուսոյին հնարավորություն է տվել մոտիկից ծանոթանալու ժողովրդի իրավազուրկ վիճակին, անձամբ տեսնելու և զգալու ֆեոդալական հասարակարգում թագավորող սոցիալական անհավասարություններն ու անարդարությունները։ Այս հանգամանքն էլ նրա մոտ ատելություն է ձևավորել ազնվականության ու հոգևոր դասի նկատմամբ։

Ռուսոյի հասարակական և քաղաքաիրավական հայացքները շարադրված են «Դատողություն գիտությունների և արվեստների մասին» (1750), «Դատողություններ մարդկանց միջև անհավասարության ծագման մասին» (1755), «Հասարակական դաշինք» (1762), «Էմիլ կամ դաստիարակության մասին» (1762), «Դատողություններ հավերժական աշխարհի մասին» (առաջին անգամ հրատարակվել է մահվանից հետո, 1782 թվականին) երկերում։

Ռուսոյին մեծ ճանաչում է բերել «Դատողություն գիտությունների և արվեստների մասին» աշխատությունը, որն արժանացել է Դիժոնի ակադեմիայի մրցանակին։ Այս աշխատության մեջ քննադատելով իր ժամանակի հասարակական կարգերը՝ Ռուսոն ձգտում է ապացուցել, որ քաղաքականությունը, գիտություններն ու արվեստները ոչ թե ծառայում են հասարակության առաջընթաց զարգացմանը, այլ ստրկացնում են մարդուն։ Ռուսոն, քննադատելով քաղաքակրթությունը, առաջին հերթին քննադատում է դրա կրողներին, այն քաղաքակրթությունը, որի քողի տակ ազնվականությունը թաքցնում է այլասերված բարքերը։ Ռուսոն, ըստ էության, քննադատում է ֆեոդալական հասարակարգի կեղծ քաղաքակրթությունն ու մշակույթը։

1755 թվակականին լույս տեսած «Դատողություն հասարակական անհավասարության մասին» աշխատության մեջ նույնպես Ռուսոն քննադատում է մշակույթը և քաղաքակրթությունը, ձգտում ապացուցել, որ ժամանակակից քաղաքակրթությունն է փչացնում մարդուն։ Նա այս աշխատության մեջ փորձում է գտնել քաղաքակրթության բարոյալքող ազդեցության և, առհասարակ, սոցիալական չարիքների սկզբնապատճառը։

1761 թվականի սկզբին լույս տեսած «Յուլիա կամ Նոր Էլոիզ» գեղարվեստական վեպը ֆրանսիական սենտիմենտալ գրականության առաջին լավագույն գործերից մեկն էր։ Այն թարգմանվել և տարածվել է Եվրոպայի բոլոր երկրներում։ Իր վեպում Ռուսոն երկու սիրահարների ողբերգական սիրո ֆոնի վրա քննադատում է ֆեոդալիզմի հասարակական հարաբերությունները, ֆեոդալական քաղաքակրթությունն ու բարոյականությունը և պաշտպանում ազատ, դասային սահմանազատում չճանաչող սիրո գաղափարը։

1762 թվականին Ռուսոն հրատարակեց իր հռչակավոր «Հասարակական դաշինք» աշխատությունը։ Այս աշխատության մեջ նա ապացուցում էր, որ անհավասարությունն աճել է քաղաքակրթության հետ միասին։

Ռուսոյի մյուս հանճարեղ ստեղծագործությունը «Էմիլ կամ դաստիարակության մասին» տրակտատ-վեպն է։ Այստեղ շարադրված են հեղինակի մանկավարժական գաղափարները։ Ռուսոն առաջիններից էր, ով երեխայի զարգացման և դաստիարակության առջև տարիքային առանձնահատկությունները հաշվառելու խնդիր դրեց, առաջարկեց ուսուցման ակտիվ մեթոդներ, առաջադրեց ուսուցման կյանքի հետ սերտ կապի անհրաժեշտության պահանջը։

Ռուսոյի գաղափարների ազդեցությունը վիթխարի էր։ Ֆրանսիական բուրժուական հեղափոխության գաղափարախոսության նախապատրաստման գործում նրան պատկանում է կարևոր դեր, թեև ինքը հեռու էր հեղափոխական պայքարի անխուսափելիության ըմբռնումից։ Պատմական գործընթացի տեսության մեջ Ռուսոն մինչ այդ չտեսնված խորաթափանցությամբ կարողացել է կռահել հակասություների՝ որպես հասարակության զարգացման շարժիչ ուժի նշանակությունը։

Ժան-Ժակ Ռուսոն համակարգված կրթություն երբեք չի ստացել, չի դաստիարակել նույնիսկ իր սեփական երեխաներին, սակայն մինչ այսօր նրա գաղափարներն ամբողջ աշխարհին սովորեցնում են, թե ինչպես պետք է դաստիարակել երեխաներին։ Տրամադրված է Վիքիպեդիայի կողմից
Ցուցադրվում են 1 - 1 արդյունքները 1 այս փնտրման համար 'Ռուսո, Ժան-Ժակ', հարցման ժամանակը: 0.03s Հստակեցնել արդյունքները
  1. 1
    Ռուսո, Ժան-Ժակ
    Հրապարակվել է 1960
    Գիրք