Ֆրանսուա-Ռընե դը Շատոբրիան
Ֆրանսուա-Ռընե դը Շատոբրիան (, ), ֆրանսիացի դասական գրող, դիվանագետ, ռոմանտիզմի նախակարապետը ֆրանսիական գրականության մեջ։ Նրա վաղ շրջանի ստեղծագործությունների, մասնավորապես վիպական բնույթի գործերի մեջ, ինչպիսիք են՝ «Ատալա», «Ռընե», «Մարտիրոսներ», «Ռանսեի կյանքը» և այլն, որոշակիորեն նկատելի են ռոմանտիզմի նախատարրերը։Մեծ է եղել Շատոբրիանի ազդեցությունն իր ժամանակի ոչ միայն ֆրանսիական, այլ նաև համաեվրոպական գրականության վրա (Լամարտին, Ալֆրեդ դը Վինյի, Վիկտոր Հյուգո, Ժորժ Սանդ, Ալֆրեդ դը Մյուսե, Բայրոն, Լեոպարդի, Ժուկովսկի, Պուշկին)։
Ծագելով բրետոնական ազնվական ընտանիքից, լինելով Սեն Մալոյի ամենահայտնի ընտանիքի անդամներից մեկը՝ նա հարել է ռուայալիզմին (քաղաքական գաղափարախոսություն Ֆրանսիայում, որը պաշտպանում է թագավորությունը՝ որպես կառավարման եղանակ, այսինքն երկրի ղեկավարը թագավորն է, այն չպետք է շփոթել միապետության հետ, որի դեպքում երկրի ղեկավար կարող է լինել կայսրը, իշխանը, դուքսը)։ Բազմաթիվ անգամներ տարբեր գերտերություններում եղել է դեսպան, Ռեստավրացիայի ժամանակ՝ 1822-1824 թվականներին, եղել է արտաքին գործերի նախարար, Շառլ X արքայի իշխանության օրոք՝ կոմս, ուլտրառուայալիստներից մեկը (քաղաքական խմբավորում Ֆրանսիայում Ռեստավրացիայի ժամանակաշրջանում, որի հիմնական սկզբունքն է հավատարմությունը թագավորին)։ Բազմաթիվ քաղաքական և դիվանագիտական պատասխանատու պաշտոնները, որոնցով նշանավորվել է նրա կյանքը, ինչպես նաև դեպի Ամերիկա և միջերկրածովյան ավազանի երկրներ ճամփորդությունների նկատմամբ մեծ հետաքրքրությունը Ֆրանսուա-Ռընե դը Շատոբրիանի համար ձևավորել են աքսորի և հարատև կարոտախտի կյանք։
Հրատարակված առաջին նշանակալից աշխատությունները՝ «Հեղափոխությունների մասին էսսեն» (1796) և «Քրիստոնեության հանճարը» (1802), մատնանշում են նրա քաղաքական հայացքների ուղղվածությունը դեպի հակահեղափոխությունն ու Հին ռեժիմի հասարակության պաշտպանությունը (XVI դարի վերջից մինչև XVIII դարը հասարակության սոցիալական շերտավորում Ֆրանսիայում, ըստ որի՝ հասարակությունը բաժանված էր հետևյալ աստիճանակարգությամբ՝ նվիրապետություն, ազնվականություն, երրորդ սոցիալական շերտ, որում ընդգրկված էին նրանք, ովքեր չէին մտնում նախորդ երկուսի մեջ, այսինքն՝ քաղաքային և գյուղական բնակչությունը, որոնք, ի տարբերություն նախորդ երկուսի, հարկեր էին վճարում)։ Գաղափարախոսական հարցադրումները շատ արագ միախառնվելով յուրօրինակ գեղագիտության հետ՝ գրական մեծ հաջողություն և հռչակ են բերել նրան։ Այսպես բնության նկարագրությունն ու իր «գեղարվեստական ես»-ի զգացմունքների վերլուծությունն արտացոլվել են «Ատալա» (1801) և «Ռընե» (1802) երկերում, որոնք սկզբում հրատարակվել են որպես «Քրիստոնեության հանճարը» ստեղծագործության թեզիսների՝ դրույթների պատկերազարդումներ՝ իլյուստրացիաներ, իսկ հետո ընդգրկվել են «Նատչեզները» (Ամերիկայի հնդկացիների համանուն ցեղի պատմության մասին ստեղծագործություն) ծավալուն վիպական շարքում (միասին հրատարակվել են 1826 թվականին)՝ որպես օրինակ ծառայելով ֆրանսիացի գրողների հաջորդ սերնդի համար։ Նրա հակվածությունը դեպի առեղծվածը, թախիծի վերամբարձությունը, ծավալն ու մեծությունը, անասելի տանջանքն արտահայտելու նրա ձգտումն ու տարաշխարհիկության՝ արտասովոր կենցաղը բացահայտելու ծարավը, որը նա վերահաստատում է միջերկրածովյան ճամփոդության մասին իր «Երթուղի Փարիզից Երուսաղեմ» պատմվածքում (1811), նրան դարձրել են իր ժամանակաշրջանի ամենաազդեցիկ «նախառոմանտիկներից» մեկը։ «Չարչարանքների ալիք»-ի (Շատոբրիանի հայտնի արտահայտություն «Քրիստոնեության հանճարը» երկում, որ նշանակում է հոգու այն վիճակը, որը նախորդում է չարչարանքների լիակատար զարգացմանը) ցավագին գերզգայունությունը, որն իր արտացոլումն է գտել Ռընեի կերպարում, ֆրանսիական ռոմանտիզմում իր կարևոր հետնորդներն է ունեցել։ Այսպես Ալֆրեդ դը Մյուսեի «դարի չարիքը» (Մյուսեն այդպես է անվանել բուրժուական մատերիալիզմը) և Շառլ Բոդլերի «դառնամաղձությունը» («Չարի ծաղիկներ» ժողովածուի բազմաթիվ բանաստեղծություններում Բոդլերի արտահայտած խորը մելամաղձություն՝ մելանխոլիա՝ ծնված ապրելու ցավից) և այլն կարող են համարվել Շատոբրիանի «չարչարանքների ալիք»-ի հեռավոր փոխակերպումները։
Այնուամենայնիվ, Շատոբրիանի հոյակերտ ստեղծագործությունը «Անդրշիրիմյան հիշողություններ» ստեղծագործությունն է, որ հրատարակվել է հետմահու՝ սկսած 1849 թվականից։ Այդ ստեղծագործության առաջին գրքերում նա վերակերտել է իր մանկությունն ու կրթությունը Սեն Մալոյի և Կոմբուրի (համայնք Ֆրանսիայի հյուսիս-արևմուտքում՝ Բրետան շրջանում) ազնվական սոցիալական միջավայրում, մինչդեռ հաջորդ գրքերում ներկայացրել է 1789-1841 թվականների պատմական իրադարձությունների պատկերը, որոնց վկան է եղել։ Այդ երկը, որ միաժամանակ ինքնակենսագրական գլուխգործոց է և առաջին հայացքից պատմական վկայություն, ներկայացնում է նրա արձակ ժանրի վերելքը, որը նույնպես իր ազդեցությունն է թողել ֆրանսիական գրականության վրա։ Տրամադրված է Վիքիպեդիայի կողմից
-
1