Դեյվիդ Հյում

Դևիդ Հյում, Դեյվիդ Հյում (, ), անգլիացի փիլիսոփա, սուբյեկտիվ իդեալիստ, դասական էմպիրիզմի ներկայացուցիչ, պատմաբան, տնտեսագետ և հոգեբան։

Ծնվել է շոտլանդացի ազնվականի ընտանիքում։ Ստացել է իրավաբանական կրթություն։ Հիմնական աշխատությունն է՝ «Հետազոտություն մարդկային ըմբռնողության մասին» (1748), որտեղ վերանայված են լուսավորական գաղափարաբանության որոշ կանխադրույթներ, հատկապես՝ մարդկային բանականության ամենազորության մասին։ Նրա ըմբռնմամբ, իրականությունը սոսկ «տպավորությունների» հոսանք է, որոնց պատճառներն անհայտ և անհասկանալի են։ Այս ագնոստիկ ու սկեպտիկ փիլիսոփան հավատ չի ընծայել մարդկային բնույթի հավերժական «բարությանը»՝ ելնելով մարդու վարքագիծը պայմանավորող էգոիզմից։ Զարգացրել է օգտապաշտության (ուտիլիտարիզմի) տեսությունը։

Հյումի փիլիսոփայությունը շաղկապված էր ժամանակի հասարակական-քաղաքական կյանքի հետ և նպատակ ուներ գիտական հիմքերի վրա դնել մարդու մասին ուսմունքը։ Հյումի իմացաբանության առանցքը կազմում է մտածողության հոգեբանությունը։ Մարդու գիտակցությունն ու գիտելիքը Հյումը ի վերջո հանգեցնում է զգայական փորձին, որի տարրերն են ընկալումները, այսինքն՝ արտաքին ու ներքին տպավորությունները և հիշողությամբ ու երևակայությամբ վերստեղծվող դրանց պատկերները՝ գաղափարները։ Բարդ տպավորություններն ու գաղափարները գոյանում են պարզերից՝ հոգեբանական զուգորդումների եղանակով։ Բուն իմաստով վերացական գաղափարները Հյումը ժխտում է՝ հետևելով Ջ. Բերկլիին։ Հոգեբանության վրա հանգչող այս նեղ էմպիրիզմի դիրքերից Հյում հռչակում է փորձնական բնագիտության մեթոդաբանական սկզբունքները՝ դրանք հակադրելով ապրիորիզմին։ Այն պատճառներն ու սկզբունքները, որոնք մատչելի են մարդկային ճանաչողությանը, ըստ էության իրերի մեխանիկական հատկություններն են, իսկ դրանց վերջնական պատճառները, լինելով արտափորձային, արդեն «բոլորովին թաքնված են մարդկային հետաքրքրասիրությունից»։ Պատճառահետևանքային կապակցությունը կարող է դիտվել փորձի մեջ յուրաքանչյուր առանձին դեպքում, բայց նրա վերածումն ընդհանրական սկզբունքի դուրս է գալիս փորձի սահմաններից։ Ուստի, այդ սկզբունքը միայն սովորույթի ուժ ունի։ Այս հիմունքով Հյումը կասկածի տակ է առնում մարդկային գիտելիքների օբյեկտիվ բովանդակությունը և, ավելին, արտաքին աշխարհի առարկաների գոյության ապացուցելիությունը, քանի որ այս դեպքում կիրառվում է պատճառականության սկզբունքը, երբ ընկալումների առկայությունից մակաբերվում է արտաքին առարկան որպես նրանց պատճառ։ Այսպիսով Հյումը հանգում է ամեն տեսակ արտափորձային՝ վերացական, մտահասու էությունների, սկզբունքների, պատճառների ճանաչման հնարավորության ժխտման, այսինքն՝ ագնոստիցիզմի։ Հյումի ագնոստիցիզմը, սակայն, մասամբ ուղղված էր կրոնի դեմ. էմպիրիզմի դիրքերից նա ժխտել է նաև հոգևոր սուբստանցը, ինչպես և Ես-ի, հոգու, գիտակցության վերացական գաղափարները՝ դրանք նույնպես հանգեցնելով իրենց փորձնական-զգայական հիմքին։ Հյումը գրել է բազմաթիվ հոդվածներ հասարակական քաղաքական թեմաներով՝ պաշտպանելով բուրժուազիայի և խոշոր հողատերերի դաշինքի «նոր տորիների» քաղաքականությունը, իսկ տնտեսագիտական ակնարկներում ջատագովել է մրցակցությունն ու ֆրիտրեդերականությունը, մերժել է մերկանտիլիզմը, հասել արժեքի աշխատանքային տեսության գաղափարին, առաջադրել մետաղադրամի այսպես կոչված քանակային տեսությունը, մերժել է հասարակական դաշինքի տեսությունը՝ հասարակությունը տարբերակելով պետական կառավարումից։

Նույն հասարակական-քաղաքական և հակակղերական դիրքերից է գրված «Անգլիայի պատմությունը» (ութ հատոր), որով նա սկզբնավորել է, Էդվարդ Գիբոնի և Վ. Ռոբերտսոնի հետ միասին, անգլիական նոր պատմագրությունը։ Հյումից է սերում XIX—XX դարերում ամբողջ ֆենոմենալիստական էմպիրիզմը։ Հյումի հասարակական և տնտեսագիտական հայացքներին անդրադարձել է Կարլ Մարքսը, հյումիզմի փիլիսոփայությունը քննադատել են Ֆ. Էնգելսը և Վ. Լենինը։

Նրա հայացքները որոշ ազդեցություն են ունեցել Լուսավորության ճգնաժամի շրջանի անգլիական գրականության վրա։ Տրամադրված է Վիքիպեդիայի կողմից
Ցուցադրվում են 1 - 1 արդյունքները 1 այս փնտրման համար 'Հյում, Դեյվիդ', հարցման ժամանակը: 0.01s Հստակեցնել արդյունքները
  1. 1
    Հյում, Դեյվիդ
    Հրապարակվել է 2003
    Գիրք