Լուի Արագոն
Լուի Արագոն (, ի ծնե անունը՝ Լուի-Մարի Անդրիյո, , ), ֆրանսիացի գրող և քաղաքական գործիչ։ Եղել է Գոնկուրյան ակադեմիայի անդամ։Ծնվել է 1897 թվականի հոկտեմբերի 3-ին, Փարիզում։ 1915 թ. ընդունվել է համալսարանի բժշկական ֆակուլտետը, բայց ընդամենը մեկ տարի անց, ուսումը կիսատ թողնելով, մեկնել է ռազմաճակատ։ Առաջին համաշխարհային պատերազմին մասնակցել է որպես սանիտար։ Պատերազմից հետո ակտիվորեն մասնակցել է գրական կարևոր իրադարձություններին։ 1919-1924 թվականներին անդամակցել է դադաիստների փարիզյան խմբին, 1924 թվականին Անդրե Բրետոնի ու Ֆիլիպ Սուպոյի հետ ընթացք տվել սյուրռեալիստական շարժմանը։ 1927 թվականին ընդունվել է ֆրանսիական կոմկուսի շարքերը և սկսել է մեծ եռանդով զբաղվել լրագրողական աշխատանքով՝ աշխատակցելով Ֆրանսիայի կոմկուսի օրգան հանդիսացող «Յումանիտե» թերթին։ 1932 թվականին գրողների ինտերնացիոնալ խմբի կազմում այցելել է Խորհրդային Միություն՝ ծանոթանալու սոցիալիստական Ուրալի նորակառույցներին, եղել է Մագնիտոգորսկի, Չելյաբինսկի շինհրապարակներում և այդ այցի տպավորություններն արտացոլել բանաստեղծությունների «Ուռա՜, Ուրա՛լ» շարքում։
1928 թվականին ամուսնացել է ռուսական ավանգարդի մուսան համարվող Լիլի Բրիկի կրտսեր քրոջ՝ ֆրանսիացի բանաստեղծուհի և թարգմանչուհի Էլզա Տրիոլեի հետ, ում բազում բանաստեղծություններ է նվիրել։
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ակտիվորեն մասնակցել է Ֆրանսիայում ֆաշիստ զավթիչների դեմ ծավալված Դիմադրության շարժմանը։
1957 թվականին արժանացել է միջազգային լենինյան մրցանակի՝ ժողովուրդների միջև խաղաղությունն ամրապնդելու համար։ Ֆրանսիայում մասայականացրել է խորհրդային գրականությունը, 1953-1972 թվականներին խմբագրել է «Les lettres francaises» ամսագիրը, որը տպագրվում էր ֆրանսիական կոմկուսի աջակցությամբ։ 1972 և 1977 թվականներին խորհրդային կառավարության կողմից պարգևատրվել է նաև Հոկտեմբերյան հեղափոխության և Ժողովուրդների բարեկամության շքանշաններով։ Հետագա տարիներին կտրուկ արտահայտվել է ԽՍՀՄ-ում տիրապետող կոմունիտական ավտորիտար ռեժիմի դեմ, բողոքել, դատապարտել խորհրդային այլախոհ գրողների նկատմամբ սանձազերծված հալածանքները, դատական շինծու վարույթները։ 1968 թվականին բողոքի իր ձայնն է բարձրացրել ընդդեմ խորհրդային զորքերի՝ Չեխոսլովակիայում իրականացրած ռազմական միջամտության։
Նրա միջամտությամբ է Սերգեյ Փարաջանովը բանտից ազատ արձակվել։
1955 թվականին նա հրատարակել է մի ծավալուն հոդված՝ նվիրված հայ գրականությանը, ուր հատկապես բարձր է գնահատել Ավետիք Իսահակյանի և Եղիշե Չարենցի ստեղծագործությունները։ Նրա «Կարմիր աֆիշ» բանաստեղծությունը նվիրված է Միսաք Մանուշյանին։
Խորհրդային տարիներին Երևանում առանձին գրքով լույս է տեսել Լուի Արագոնի բանաստեղծությունների և պատմվածքների ընտրանին՝ հայերեն թարգմանությամբ։ Նրա բանաստեղծությունների մի փոքրիկ փունջ զետեղվել է 1984 թվականին Երևանի պետական համալսարանի հրատարակչության կողմից տպագրված «Ֆրանսիական պոեզիա» ժողովածուում։
2015 թվականին Երևանում հայերեն հրատարակվել է նաև Արագոնի «Իռենի ճեղքը» վիպակը, որը նա գրել էր 1928-ին։
2012 թվականի մարտի 27-ին Փարիզում՝ Սեն Լուի կղզում բացվել է Լուի Արագոնի անունը կրող հրապարակ։ Տրամադրված է Վիքիպեդիայի կողմից
-
1