Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն

Խորհրդային Միություն, պաշտոնապես՝ Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն (ԽՍՀՄ), նախկին դաշնային սոցիալիստական կոմունիստական պետություն Եվրասիայում, որը կազմավորվել է 1922 թվականի դեկտեմբերի 30-ին և կազմալուծվել 1991 թվականի դեկտեմբերի 26-ին։ Անվանապես մի քանի ազգային հանրապետություններից բաղկացած դաշնային միավորում էր, իսկ գործնականում կառավարությունն ու տնտեսությունը խիստ կենտրոնացված էին, ընդհուպ մինչև պետության փլուզումը։ ԽՍՀՄ-ն միակուսակցական պետություն էր մինչև 1990 թվականը, որը կառավարում էր Կոմունիստական կուսակցությունը։ Մայրաքաղաքը Մոսկվան էր, իսկ տարածքով և բնակչությամբ ամենամեծ հանրապետությունը՝ Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետությունը։ Խոշոր քաղաքների թվում էին Լենինգրադը (ՌԽՖՍՀ), Կիևը (Ուկրաինական ԽՍՀ), Մինսկը (Բելառուսական ԽՍՀ), Տաշքենդը (Ուզբեկական ԽՍՀ), Ալմա-Աթան (Ղազախական ԽՍՀ) և Նովոսիբիրսկը (ՌԽՖՍՀ)։ Իր գոյության տարիներին աշխարհի խոշորագույն պետությունն էր, որի տարածքը կազմում էր 22 402 200 կմ^2 և ընդգրկված էր 11 ժամային գոտիներում։

Խորհրդային Միության արմատները ձգվում են 1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխություն, երբ բոլշևիկները Վլադիմիր Լենինի գլխավորությամբ տապալեցին ժամանակավոր կառավարությանը, որն ավելի վաղ՝ Փետրվարյան հեղափոխությունից հետո, փոխարինման էր եկել Ռոմանովների արքայատոհմին։ Նրանք հիմնադրեցին Ռուսական Խորհրդային Հանրապետությունը՝ աշխարհում սահմանադրորեն ամրագրված առաջին սոցիալիստական պետությունը։ Բոլշևիկների (Կարմիր բանակ) և հակաբոլշևիկյան ուժերի միջև սրված հարաբերությունները նախկին Ռուսական կայսրության տարածքում վերածվեցին քաղաքացիական պատերազմի։ Հակաբոլշևիկյան ուժերի մեջ ամենամեծ խմբակցությունը Սպիտակ գվարդիան էր։ Վերջինս ներգրավված էր բոլշևիկների նկատմամբ դաժան հակակոմունիստական բռնաճնշումների մեջ, որն առավել հայտնի է Սպիտակ տեռոր անվամբ։ Կարմիր բանակը տարածվեց և տեղի բոլշևիկներին օգնեց վերցնելու իշխանությունը՝ ստեղծելով սովետներ, Կարմիր տեռորի միջոցով ճնշելով նրանց քաղաքական ընդդիմախոսներին և ապստամբ գյուղացիներին։ 1922 թվականին իշխանության բալանսը փոխվեց, և բոլշևիկները հաղթանակ տարան՝ ձևավորելով Խորհրդային Միությունը, որի կազմում էին Ռուսական, Անդրկովկասյան, Ուկրաինական և Բելառուսական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունները։ Քաղաքացիական պատերազմի ավարտից հետո՝ Լենինի կառավարությունը ներկայացրեց Նոր տնտեսական քաղաքականությունը (ՆԷՊ), որը ենթադրում էր մասնակի վերադարձ ազատ շուկայական հարաբերություններին և մասնավոր սեփականությանը։ Դա հանգեցրեց տնտեսական վերելքի։

1924 թվականին Լենինի մահից հետո իշխանության եկավ Իոսիֆ Ստալինը, որը Կոմունիստական կուսակցության ներսում ճնշեց իր քաղաքական բոլոր հակառակորդներին և երկրում հաստատեց վարչահրամայական տնտեսական համակարգ։ Ծայրահեղ բռնի միջոցներով Ստալինը երկիրը ենթարկեց արագ ինդուստրացման և հարկադիր կոլեկտիվացման, որը, չնայած զգալի տնտեսական աճին, 1932–1933 թվականներին երկրի տարբեր հատվածներում հանգեցրեց արհեստական սովի և ընդարձակեց ԳՈւԼԱԳ-ի ուղղիչ-աշխատանքային գաղութների համակարգը, որը ձևավորվել էր դեռևս 1918 թվականին։ Ստալինը նաև տառապում էր քաղաքական պարանոյայով, որի պատճառով 1930-ական թվականներին իրականացվում էին զանգվածային բռնաճնշումներ («Մեծ զտում»), որն արտահայտվում էր Ստալինի հակառակորդներին կուսակցության շարքերից հեռացնելով և մեկուսացնելով, բարձրաստիճան զինվորականների, Կոմունիստական կուսակցության անդամների և խորհրդային հասարակ քաղաքացիների զանգվածային ձերբակալություններով, որոնք այնուհետև ուղարկվում էին ուղղիչ-աշխատանքային ճամբարներ կամ էլ մահվան էին դատապարտվում։

1939 թվականի օգոստոսի 23-ին՝ արևմտյան տերությունների հետ հակաֆաշիստական դաշինք կազմելու անհաջող ջանքերից հետո, Խորհրդային Միությունը Նացիստական Գերմանիայի հետ կնքեց չհարձակման պայմանագիր («Մոլոտով-Ռիբենտրոպ պակտ»), որի գաղտնի արձանագրությունների պայմաններին համապատասխան՝ երկու տերությունները, որպես դաշնակիցներ, Արևելյան Եվրոպան բաժանեցին ազդեցության գոտիների, մասնավորապես ռուսական բանակը բռնազավթեց Արևելյան Լեհաստանը, Բալթյան Հանրապետությունները (Էստոնիա, Լատվիա, Լիտվա) և այլ տարածքներ։ Այնուամենայնիվ, 1941 թվականի հունիսին Գերմանիան լայնամասշտաբ ռազմական գործողություն սկսեց նախկին դաշնակցի դեմ («Բարբարոսա» գործողությունԱռանցքի ուժերին դիմակայելու համար Խորհրդային Միությունը մարդկային խոշոր կորուստներ էր կրում։ Այդուհանդերձ, պատերազմում շրջադարձային դարձավ Ստալինգրադը, որտեղ Նացիստական բանակը ջախջախվեց։ Ի վերջո, 1945 թվականի մայիսի 9-ին կարմիրբանակայիններին հաջողվում է հասնել մինչև Բեռլին և հաղթանակ տանել Երկրորդ համաշխարհային պատերազմի եվրոպական ճակատում։ Կարմիր բանակի գրաված տարածքներում հիմնվեցին այսպես կոչված Սոցիալիստական ճամբարի «արբանյակ» պետությունները։ Հետպատերազմական աշխարհաքաղաքական պայմաններում՝ 1947 թվականին սկսվեց Սառը պատերազմի ժամանակաշրջանը, մի կողմից՝ ԽՍՀՄ և սոցիալիստական ճամբարի երկրների և մյուս կողմից՝ Արևմուտքի (Միացյալ Նահանգներ, ՆԱՏՕ-ի դաշնակիցներ և այլք) երկրների միջև։ Սառը պատերազմի պայմաններում Միացյալ Նահանգները և Խորհրդային Միությունը հռչակվեցին որպես գերտերություններ։

1953 թվականին՝ Ստալինի մահից հետո, Նիկիտա Խրուշչովի ղեկավարությամբ երկրում սկսվեց նոր ժամանակաշրջան, որն առավել հայտնի դարձավ «Խրուշչովյան ձնհալ» անվամբ։ Վերջ տրվեց Ստալինի օրոք ձևավորված անձի պաշտամունքին, համաներում շնորհվեց բազմաթիվ աքսորյալների, թուլացվեց ամբողջատիրական համակարգը։ Երկիրը թևակոխեց զարգացման նոր փուլ, միլիոնավոր գյուղացիներ տեղափոխվեցին արդյունաբերական քաղաքներ։ ԽՍՀՄ-ը շուտով գլխավորեց տիեզերական մրցավազքը` հաջողությամբ բաց տիեզերք ուղարկելով առաջին արբանյակը և առաջին մարդուն։ Բացի այդ, ԽՍՀՄ-ն առաջին ավտոմատ միջմոլորակային կայանն ուղարկեց հարևան մոլորակ՝ Վեներա։ 1970-ական թվականների վերջին խորհրդա-ամերիկյան հարաբերություններում նկատվեց լարվածության թուլացում, որը սակայն վերականգնվեց 1979 թվականին, երբ Խորհրդային Միությունն իր զորքերը մտցրեց Աֆղանստան։ Պատերազմը խլեց տնտեսական մեծ ռեսուրսներ, իսկ լարվածությունն էլ ավելի մեծացավ, երբ Միացյալ Նահանգներն սկսեց ռազմական օգնություն տրամադրել Մոջահեդներին։

1980-ականների կեսերին ԽՍՀՄ վերջին առաջնորդ Միխայիլ Գորբաչովը փորձում էր բարեփոխումների միջոցով առավել ազատականացնել տնտեսությունը և երկրի սոցիալ-քաղաքական վիճակը՝ առաջ քաշելով «Պերեստրոյկայի» (''վերակառուցում'') և «Գլասնոստի» (''հրապարակայնություն'') քաղաքականությունները։ Նպատակն էր պահպանել Կոմունիստական կուսակցության մենաշնորհային դիրքը և միաժամանակ շտկել ահագնացող տնտեսական լճացումը։ Սառը պատերազմն իր մայրամուտին հասավ հենց Գորբաչովի պաշտոնավարման ընթացքում, իսկ 1989 թվականին Արևելյան Եվրոպայի Վարշավայի պայմանագրի կազմակերպության անդամ երկրները տապալեցին իրենց մարքսիստ-լենինիստական ռեժիմները։ Վերջ դրվեց «Երկաթե վարագույրին»։ Սա նաև հանգեցրեց ԽՍՀՄ ներսում ազգայնական և անջատողական բուռն շարժումների վերելքին։ Կենտրոնական իշխանությունները նախաձեռնեցին ԽՍՀՄ-ն պահպանելու համամիութենական հանրաքվե, որը բոյկոտեցին Բալթյան հանրապետությունները, Հայաստանը, Վրաստանը և Մոլդովան, ինչի հետևանքով ընտրողների մեծամասնությունը կողմ արտահայտվեց ԽՍՀՄ պահպանմանը՝ որպես «իրավահավասար ինքնիշխան հանրապետությունների նորացված դաշնություն»։ 1991 թվականի օգոստոսին ԽՍՀՄ իշխանության պահպանողական թևը պետհեղաշրջում կազմակերպեց («Օգոստոսյան պուտչ»), որը ձախողվեց։ Պետական հեղաշրջման ճնշման գործում մեծ դերակատարություն է ունեցել Ռուսաստանի առաջին նախագահ Բորիս Ելցինը։ Արդյունքում, Կոմունիստական կուսակցության գործունեությունն արգելվեց։ 1991 թվականի դեկտեմբերի 25-ին Գորբաչովը հրաժարական տվեց, միութենական մնացած հանրապետությունները դուրս եկան Խորհրդային Միության կազմից և սկսեցին հանդես գալ որպես հետխորհրդային անկախ պետություններ։ Ռուսաստանի Դաշնությունը (նախկինում՝ ՌԽՖՍՀ) ստանձնեց Խորհրդային Միության իրավահաջորդությունը։ Խորհրդային Միությունը պաշտոնապես կազմալուծվեց 1991 թվականի դեկտեմբերի 26-ին։

Խորհրդային Միությունը գրանցել է սոցիալ-տեխնոլոգիական բազմաթիվ ձեռքբերումներ ու նորարարություններ, հատկապես ռազմական ոլորտում։ Նա կարող էր պարծենալ աշխարհում երկրորդ տնտեսությամբ և խոշորագույն մշտական բանակով։ Խորհրդային Միությունը հանդիսանում էր միջուկային հինգ երկրներից մեկը։ Բացի այդ, ԽՍՀՄ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներից մեկն էր ու անդամակցում էր ԵԱՀԿ-ին, Արհմիությունների համաշխարհային ֆեդերացիային, Սոցիալիստական երկրների տնտեսական համագործակցության կազմակերպությանը և Վարշավայի պակտին։

Մինչև իր փլուզումը՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո շուրջ չորս տասնամյակ, Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ միասին ԽՍՀՄ-ն ուներ գերտերության կարգավիճակ։ Երբեմն կոչվելով «Խորհրդային կայսրություն»՝ իր ազդեցության տակ էր պահում Կենտրոնական և Արևելյան Եվրոպան, իսկ շնորհիվ ռազմական ու տնտեսական հզորության, պրոքսի պատերազմների, զարգացող երկրների վրա իր ազդեցության, ինչպես նաև տիեզերական տեխնոլոգիաների և ռազմական արդյունաբերության ոլորտներում գիտական ուսումնասիրությունների ֆինանսավորման՝ նաև ողջ աշխարհի վրա։ Տրամադրված է Վիքիպեդիայի կողմից
Ցուցադրվում են 1 - 5 արդյունքները 5 այս փնտրման համար 'Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն', հարցման ժամանակը: 0.02s Հստակեցնել արդյունքները
  1. 1
    Հրապարակվել է 1933
    “…Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն…”
    Գիրք
  2. 2
    Հրապարակվել է 1931
    “…Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն…”
    Գիրք
  3. 3
    Հրապարակվել է 1930
    “…Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն…”
    Գիրք
  4. 4
    Հրապարակվել է 1930
    “…Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն. Հեղափոխական ռազմական սորհուրդ…”
    Գիրք
  5. 5
    Հրապարակվել է 1923
    “…Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն…”
    Գիրք