Սամվել Աղաջանյան
Սամվել Մարդիի Աղաջանյան (), հայ ռազմական գործիչ, Արցախյան ազատամարտի մասնակից։Ծնվել է 1971 թվականի ապրիլի 14-ին Ասկերան ավանում՝ բանվորի ընտանիքում։ 1978-1988 թվականներին սովորել է Ասկերանի միջնակարգ դպրոցում։ 1988 թվականին ընդունվել է Կիրովականի Պոլիտեխնիկական ուսումնարանը։ 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի ժամանակ գտնվել է Կիրովականում՝ որպես ուսանող, ու երկրաշարժից հետո մասնակցել է փրկարարական աշխատանքներին։ 1988-91 թվականներին ծառայել է ԽՍՀՄ բանակում։ 1991 թվականին՝ ծառայությունն ավարտելուց հետո, վերադարձել է Ասկերան։ Կիրովականի Պոլիտեխնիկ ուսումնարանից տեղափոխվել է Ստեփանակերտի գյուղտեխնիկում ու անդամագրվել Ասկերանում գործող Յուրի Աղաջանյանի ընդհատակյա ջոկատին, որի կազմում էլ մասնակցել է մի շարք մարտական գործողությունների։ 1992 թվականի հունվարի 30-ին ծանր վիրավորվել է Խրամորթ գյուղի պաշտպանական ծանր մարտերի ընթացքում ու տեղափոխվել ՀՀ 8-րդ հիվանդանոց։ Երկու ամիս բուժվելուց հետո վերադարձել է ջոկատ ու մասնակցել մարտական գործողություններին որպես դասակի հրամանատար։ Աղդամի ազատագրումից հետո Ասկերանի պաշտպանական գնդում նշանակվել է 32-րդ գումարտակում որպես շտաբի պետ՝ ավագ լեյտենանտ զինվորական կոչումով։ 1994-2001 թվականներին եղել է դատապարտյալ ու գտնվում էր ուղղիչ աշխատանքային գաղութում։
2006 թվականին Ասկերան քաղաքում ընդհանուր ազատամարտիկների ժողովում ընտրվել է քաղաքային միավորման խորհրդի նախագահ և կարողացել է Ասկերանում գործող Երկրապահ և Վետերանների միությունները Արցախի միավորել Ազատամարտիկների միության հետ։ 2006 թվականին ընդհանուր շրջանի համայնքային միավորումների խորհրդների նախագահության հաշվետու ժողովում փակ քվեարկությամբ ընտրվել է Ասկերանի շրջանի Արցախի ազատամարտիկների միության շրջանային խորհրդի նախագահ։ 2009 թվականին և 2012 թվականին նորից վերընտրվել է տարածքային միավորման նախագահ։ Արցախի պատերազմի երկրորդ կարգի հաշմանդամ է։ Ասկերանի «Բարի Երթ» ՍՊ-ի հիմնադիր նախագահն է և զբաղվում է ուղևորափոխադրումներով։ Անդամագրվել է Ազատ հայրենիք կուսակցությանը և կենտրոնական խորհրդի անդամ է։ 2007 թվականին ավարտել է «Գրիգոր Լուսավորիչ» համալսարանի ''ֆինանսներ և վարկ, ինֆորմատիկա'' բաժինը։
Արցախյան ազատամարտին մասնակցելու համար պարգևատրվել է ԼՂՀ «Արիության», ՀՀ «Մարտական Ծառայության» ՀՀ գերատեսչական «Վազգեն Սարգսյան», «Դրաստամատ Կանայան», «Անդրանիկ Օզանյան», ՀՀ «Երկրապահի» հուշամեդալնելով, ԼՂՀ «Մայրական Երախտագիտություն», «Ռուսաստանի Դաշնային», «Արցախի Ազատամարտիկների միության», «Հայրենյաց պաշտպան» մեդալներով։ ՀՀ «Վազգեն Սարգսյան» և «Հայրենյաց Պաշտպան» պատվոգրերով։
Ամուսնացած է, ունի երեք երեխա։ Տրամադրված է Վիքիպեդիայի կողմից
-
1