«Հայ գիրքը 1801-1850 թթ․» մատենագիտության մեջ (Երևան, 1967, էջ 128) մատենագիտական նկարագրությունը կատարվել է աստղանիշով՝ հենվելով Արսեն Ղազիկյանի, Գարեգին Զարբհանալյանի, Իրազեկի հաղորդած տվյալների վրա։
Արսեն Ղազիկյանի մատենագիտության մեջ (Հայկական նոր մատենագիտութիւն եւ հանրագիտարան, հտ․ Ա, Վենետիկ, 1909-1912, էջ 146) նա նկարագրում է գիրքն առանց հեղինակի տվյալի՝ ընդգծելով, որ փոքր գրքույկ է։ Նման հակիրճ տվյալներ հաղորդում է նաև Գարեգին Զարբհանալյանը (Հայկական մատենագիտութիւն, Վենետիկ, 1883, էջ 478)։
Արժեքավոր այս հրատարակության մասին մանրամասն տեղեկություններ հաղորդում է Իրազեկը «Պատմութիւն հնդկահայ տպագրութեան» գրքում (Անթիլիաս, 1986, էջ 261-261)՝ առանձնացնելով Հովհաննես Ավդալյանցին՝ որպես հեղինակ-հրատարակնիչ և պարզաբանելով բովանդակությունը։
Սույն տպագրության մեզ հայտնի եզակի օրինակը պահպանվում է ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանի «Էդգարյան» հավաքածուում։
Հիշյալ օրինակն ունի մի փոքր պատռված կապույտ կազմ՝ վրան զարդանախշ, դարձերեսին՝ սև մատիտով ընծայագիր, որի զգալի մասը ջնջված է։ Պահպանվել են մակագրության հետևյալ բառերը՝ «1862 նուէր 2»։ Կազմի վերջերեսին՝ «Դիմառնութիւն ի դիմաց մօր մերոյ Հայաստանի» վերնագրով բանաստեղծությունը, որի ներքևում ձեռագիր ավելացված է «Հայկազունք» բառը։
Չնայած Իրազեկը, հետագայում նաև Հայկ Դավթյանը որպես հեղինակ առանձնացրել են Հովհաննես Ավդալյանին, պետք է նշել, որ գրքույկում ներառված են միսիոներ Ջոզեֆ Վուլֆի՝ Հովհաննես Ավդալյանին ուղղված նամակը, Մարտիրոս Մկրտիչ Դավթյանի կոչը՝ ուղղված համայն հայությանը և Հովհաննես Ավդալյանի պատասխան-հորդորը՝ հիշյալ գրությունների առթիվ։ Կարծում ենք՝ սույն գրքույկը Լոնդոնում հայկական կրթական հաստատություն հիմնելու վերաբերյալ ժողովածու է, որի հրատարակիչը Հովհաննես Ավդալյանն է։
Հայ գաղթօջախներ--Հնդկաստան Կրթական հաստատություններ